«Միանգամից Համաձայնեցի, Որովհետև Նախագիծը Բարձր Վարկանիշ Ունի». Աղաս Մանուկյանը՝ «Դեպի Ճամբար»-Ում Իր Կերպարի և Երեխաների Արձագանքի Մասին

Դերասան Աղաս Մանուկյանը նոր եթերաշրջանում կմիանա «Դեպի ճամբար» նախագծի դերասանական կազմին: Աղասը նոր նախագծի առաջին մանրամասները պատմել է Tert.am Life-ին:

«Ներկայանալու եմ որպես բժիշկ: Իմ կերպարին համապատասխան՝ հումորային, մի քիչ միամիտ, մի քիչ մուննաթ բժիշկ է»,- ասաց նա:

Դերասանի խոսքով՝ նկարահանվելու առաջարկը ստացել է Գրիգոր Դանիելյանից:

«Զանգահարեց ու առաջարկեց նկարահանվել, ասաց նաև, որ Գոռ Հակոբյանը ևս խաղալու է: Միանգամից համաձայնեցի, որովհետև նախագիծը բարձր վարկանիշ ունի, Գրիգորն էլ իմ ընկերն է, գիտեմ, թե ինչ նախագծեր է անում:

Դերասանական կազմն ինձ դուր է գալիս, կցանկանայի նրանց հետ աշխատել: Հետևել եմ նախորդ եթերաշրջաններին, բայց բոլոր սերիաները չեմ դիտել: Երբ դիտում էի, չէի մտածում, որ մի օր ես էլ կնկարահանվեմ այդ նախագծում, բայց մտածում էի՝ առաջարկի դեպքում հաստատ կհամաձայնեմ»,- պատմեց նա:

Աղասը շեշտեց, որ իր երեխաները մեծ սիրով են հետևում նախագծին:

«Երեխաներս միշտ էլ մեծ սիրով հետևել են նախագծին: Երբ իմացան, որ ես էլ եմ նկարահանվելու, ուրախացան:

Միայն իմ երեխաները չեն, որ ուրախացել են, շատ երեխաներ են ինձ գրել, որ հաջորդ եթերաշրջանն էլ ավելի հաճույքով են դիտելու,- ասաց նա և հավելեց, որ իր երեխաները նախագծում նկարահանվելու ցանկություն չեն հայտնել,- Որդիս իմ ասպարեզի հանդեպ անտարբեր է, ֆուտբոլ է սիրում: Դուստրս էլ դեռ 4 տարեկան է, երգել է սիրում, ուզում է երգչուհի դառնալ»:

Աղբյուր