Ոչ մի արտադրողի մոտ ձվի գնի բարձրացում վերջին 20 օրերին չի եղել, արհեստական դեֆիցիտ է ստեղծվել. Ստեփանյան

Ոչ մի արտադրողի մոտ ձվի գնի բարձրացում վերջին 20 օրերին չի եղել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Նշենք, որ Զատկի տոնին ընդառաջ սովորական ձվի գինը դարձել է 90 դրամ, իսկ տնական ձվի գինը հասնում է 110 դրամի: Մինչ այդ էլ վերջին շրջանում Հայաստանում արձանագրված գների աճում ձվի գինը հասել էր 70 դրամի:
Սերգեյ Ստեփանյանը մեր զրույցում պնդեց՝ արհեստական դեֆիցիտ է ստեղծվել, որը տանում է գնի բարձրացման. «Թող ՏՄՊՊՀ-ն գտնի, թե ովքեր են զբաղված դրանով եւ պատժի: Մենք գին չենք բարձրացնում, բավարարվում ենք չնչին եկամտով»:


Հարցին՝ խանութնե՞րն են արհեստական գները բարձրացրել, Ստեփանյանը պատասխանեց՝ փոքր խանութները եւ շահագրգռված երրորդ անձինք՝ առաքման ցանցերը. «Արտադրողները ձուն բաց են թողնում 58-ից 63 դրամով, իսկ խանութներում դա վաճառվում է՝ 90 կամ 100 դրամ, մենք դրա հետ գործ չունենք: Թող առաքման ցանցը կամ փոքր խանութները հիմնավորեն իրենց գների բարձրացումը: Մտնում են սուպերմարկետներից 5 հոգով ձու են առնում տանում են կողքի բակային խանութներում դնում վաճառում են»:
Ինչ վերաբերում է ձվի արտադրության ծավալներին՝ Ստեփանյանն ասաց, թե արհեստական խուճապ է ստեղծվել. «Մարտի 30-ին մենք Զատիկի համար նախատեսված ծավալները լրացուցիչ էլի բաց ենք թողնելու սպառման ցանցեր»:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ՀԺ-ին հայտնեցին, որ խոշոր առեւտրային ցանցերում ավելի քան 90 ապրանքների գծով՝ այդ թվում ձվի, ամենօրյա դիտանցումներ են իրականացնում: Հանձնաժողովը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացները. «Այս պահին հարցումներ են ուղարկվում ոլորտում գործող ընկերություններին, որոնք ուղղված են շուկայում տիրող ներկայիս վիճակը բացահայտելուն: Ամփոփելուն պես՝ կտեղեկացնենք»:
ՏՄՊՊՀ-ին նաեւ հիշեցրին, որ նախորդ տարի լայնածավալ ուսումնասիրություն են իրականացրել ձվի շրջանառության ոլորտում, որի արդյունքում 7 խոշոր ընկերությունների նկատմամբ ՀՀ ՏՄՊՊՀ-ն 103 մլն դրամի չափով տուգանք է կիրառել հակամրցակցային համաձայնության համար: